Ծովին ի՜նչ, թե իր ջրերով
թեթև ու սեգ նա՛վ անցավ,
Ջրերին ի՜նչ, թե իր ճամփեն
նավը վա՞տ, թե՞ լա՛վ անցավ,
Ծո՜վ է հոգին բանաստեղծի,
ծովի նման լա՛յն ու խո՛ր,
Մեծ հոգուն ի՜նչ, թե իր միջով
հազար դավ ու ցավ անցավ…
Չասել, թե ամբողջ սրտով սիրեցի,
Չասել, թե արդեն փառքին տիրեցի,
Դեռ երգը մտքում՝ չասել գրեցի,
Դեռ քարը հանքում՝ չասել կրեցի.
Առանց հիմք՝ չասել, թե տուն շինեցի
Եվ վայելում եմ տունս բախտավոր…
Օգնիր ինձ կյանքում ուղիղ ընթանալ,
Եթե քնած եմ՝ քնից արթնանալ,
Թե դուռը բաց է՝ իզուր չբանալ,
Եղածով երբեք չհանգստանալ
Եվ չասել, թե իմ արածն արեցի:
Ծովին ի՜նչ, թե իր ջրերով
թեթև ու սեգ նա՛վ անցավ,
Ջրերին ի՜նչ, թե իր ճամփեն
նավը վա՞տ, թե՞ լա՛վ անցավ,
Ծո՜վ է հոգին բանաստեղծի,
ծովի նման լա՛յն ու խո՛ր,
Մեծ հոգուն ի՜նչ, թե իր միջով
հազար դավ ու ցավ անցավ…