Իմ խաղաղ երեկոն է հիմայ
Մեղմալոյս, ե՛ւ տըխուր, ե՛ւ անուշ.
Քեզ երբէք սիրտըս չի մոռանայ,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ...
Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պա՛տկերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։
Ե՛ւ տանջանք, ե՛ւ բեկում, ե՛ւ թախիծ —
Սեւ օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կեանքի եւ դառը մահու դէմ..