Փողոցի անվեջ աղմուկին
Խառնելով սուլոցս անհոգ
Աննպատակ անշտապ քայլում եմ
-
Ես սիրում եմ քաղաքը իմ հին
Ես սիրում եմ քաղաքը իմ շոգ
Երբ աստղերն առաջին փայլում են
-
Այգիները հագել են կանաչ
Մոռացվել են հոգոց ու հառաչ
Երեկոն այնքան խաղաղ լուսավոր է
-
Հիասքանչ աղջիկներ են անցնում
Նայում եմ նրանց ու մտածում
Որ Երևանն իրոք արտասովոր է
-
Փշատի բուրմունքն անուշ
Տարածվել է ծանոթ բակում
Ես մի ամբողջ կյանք այստեղ ապրել եմ
-
Արթնացնում է հազար ու մի հուշ
Նստարանը ծառի շվաքում
Ուր սիրել եմ ու անհույս հարբել եմ
-
Ընկերներ հեռու մոտիկ
Պարզապես անցնող մարդիկ
Դուք ինձ համար հարազատ ու թանկ եք
-
Սայլակում մանկիկ լացող
Զբոսաշրջիկ զարմացող
Ախ ինչպես պատմեմ ձեզ իմ բերկրանքը
----------------------------------------------------
Օրը դառնում է գիշեր
Գունավոր լույսեր վառված
Սրճարանն է կանչում իր գիրկը
-
Կնստեմ ու կհիշեմ
Սուրճս կմնա պաղած
Կթերթեմ հիշողության իմ գիրքը
-
Մանկության պայծառ օրեր
Ես գիտեմ դուք չեք կորել
Այսօրվա կողքին կա երեկվանը
-
Այս քաղաքը տունն է իմ
Որքան նոր այնքան էլ հին
Հուշերի քաղաք է Երևանը
-
Թող որ իմ դժվար ճամփին
Պատահեց և դառնություն
Ու մոտիկ մարդիկ չհասկացան ինձ
-
Ունեցա և հաղթանակ
Ունեցա և պարտություն
Բայց քաղաքը իմ չմոռացավ ինձ
-
Տառապած ու անվեհեր
Իմաստուն ու ալեհեր
Դու այսօր բուժել ես իմ վերքերը
-
Հարազատ ու աննման
Հույսի քաղաք Երևան
Քո մասին են իմ բոլոր երգերը
-
Հարազատ ու աննման
Հույսի քաղաք Երևան
Քո մասին են իմ բոլոր
Երգերը
Հը Հըն
Երգերը