ՍԻՐՈՒՆՆԵՐ
Սիրուններ, մի՜ք նեղենա,
Որ միշտ իմ յարիս եմ գովում,
Դուք իմ դարդս չեք իմանա,
Էլի յարիս եմ գովում,
Էլի փերիս եմ գովում:
Թեկուզ լինեք աղավնյակ,
Թևիկներդ լայն բաց արած,
Ճախրելով վեր բարձրանաք,
Էլի յարիս եմ գովում,
Էլի փերիս եմ գովում:
Որքան կուզեք զարդարվեք,
Ալ ու եշիլ գոհարներով,
Յարս սև, դուք՝ ալ հագեք,
Էլի յարիս եմ գովում,
Էլի փերիս եմ գովում:
Թեկուզ լինիք սիրամարգ,
Ձեր նախշունիկ փետուրներով,
Կամ անուշ երգող սոխակ,
Էլի յարիս եմ գովում,
Էլի փերիս եմ գովում:
Մազերդ՝ ոսկե թելեր,
Ունքերդ՝ նորածին լուսին,
Աչքերդ՝ փայլուն աստղեր,
Էլի յարիս եմ գովում,
Էլի փերիս եմ գովում:
Ամենքդ մեկ-մեկ փերի,
Աչքիս առաջ ման եք գալի,
Բայց ինձ չեք կարող գերի,
Էլի յարիս եմ գովում,
Էլի փերիս եմ գովում: