Խաղաղ գիշերով կգաս ինձ մոտ,
Քնքուշ ձեռներդ ես կհամբուրեմ,
Կցրեմ կյանքի հուշերը ցավոտ
հեքիաթային լույսեր կվառեմ...
Երկար մազերդ կարձակես ազատ,
Հիվանդ գլուխդ կդնես կրծքիս
Կլինես քնքո՜ւշ, մոտի՜կ, հարազատ,—
Անուշ խոսքերով կդյութես հոգիս...
Պայծառ աշխարհում կլինենք մենակ,
Ցավ կյանքի մեռնող լույսերից խաբված,
Կերազենք անհուշ, անվերջ ու անհագ,—
Հեքիաթ աշխարհում առհավետ կապված...
Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել
Ես ամենուրեք քե՛զ եմ որոնում.
Դու, երազների լուսե օրրանում՝
Անո՛ւրջ, որ գուցե բնավ չես եղել...
Քեզ իմ կարոտի կսկիծն է վառել
Երազանքներում իմ նվիրական.
Իմ քույր, իմ դահիճ, իմ սուրբ սիրեկան,
Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել...